Դեկտեմբերի 29-ին վթարի ենթարկված Jeju Air ինքնաթիռի թռիչքի տվյալների եւ օդաչուների խցիկի ձայնագրիչները դադարեցրել են ձայնագրությունը Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում բետոնե կառույցին ինքնաթիռի բախվելուց մոտ չորս րոպե առաջ, հաղորդել է Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությունը, տեղեկացրել է Reuters-ը։

Իշխանությունները, որոնք հետաքննում են ավիավթարը, որի հետեւանքով զոհվել է 179 մարդ եւ ամենաահավորն է եղել Հարավային Կորեայում, նախատեսում են վերլուծել, թե ինչն է եղել սեւ արկղերի գրանցումը դադարեցնելու պատճառը, նշվել է նախարարության հաղորդագրությունում:

Նախարարության տվյալներով՝ թռիչքի ձայնագրիչն սկզբում ուսումնասիրվել է Հարավային Կորեայում եւ ուղարկվել է Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի լաբորատորիա, երբ պարզվել է, որ տվյալները բացակայում են: Նախարարությունից հայտնել են, որ թռիչքի վնասված ինքնագրերի վերլուծության նպատակով դրանք տեղափոխվել են ԱՄՆ՝ ԱՄՆ ավիացիոն անվտանգության կարգավորողի հետ համագործակցությամբ:

Jeju Air 7C2216 ինքնաթիռը, որը թռչում էր Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից Մուան Հարավային Կորեայի հարավ-արեւմուտքում, «որովայնով» վայրէջք է կատարել, սահել օդանավակայանի թռիչքուղով եւ բռնկվել՝ բախվելով պատնեշին:

Օդաչուները կարգավարներին հայտնել են, որ ինքնաթիռը հարվածել է թռչուններին, եւ արտակարգ դրություն են հայտարարել բախումից եւ բռնկվելուց մոտ չորս րոպե առաջ:

Պոչի մասում անձնակազմի երկու վիրավոր անդամներին հաջողվել է փրկել։ Արտակարգ իրավիճակների կանչից երկու րոպե առաջ օդային երթեւեկության ղեկավարությունը նախազգուշացրել է «թռչունների ակտիվության» մասին։ Արտակարգ դրություն հայտարարելով՝ օդաչուները հրաժարվել են վայրէջքի փորձից եւ երկրորդ շրջանն են սկսել։

Բայց բյուջետային ավիաընկերության «Բոինգ 737-800»-ը լրիվ շրջադարձ կատարելու փոխարեն կտրուկ շրջադարձ է կատարել եւ հակառակ ծայրից մտել օդանավակայանի միակ թռիչքուղի՝ վթարային վայրէջք կատարելով առանց շասին բացելու։ Տրանսպորտի նախարարության վթարների գծով նախկին հետաքննիչ Սիմ Ջայ-Դոնն ասել է, որ անբավարար տվյալների հայտնաբերումը վերջին րոպեներին անսպասելի էր, եւ մտածել է տալիս, որ ամբողջ էլեկտրասնուցումը, ներառյալ պահեստայինը, կարող էր անջատված լինել, ինչը հազվադեպ է լինում:

Տրանսպորտի  նախարարությունը հայտնել է, որ հետաքննությունը կօգտագործի առկա այլ տվյալներ՝ հետաքննության թափանցիկությունն ապահովելու եւ զոհերի ընտանիքներին տեղեկացնելու համար: