Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում դեկտեմբերի 17-ին տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցները նախագծել եւ պատրաստել են ռոբոտներ, որոնք խուզարկում են հողածածկ տեղանքը, գտնում թաղված ականները, նշում դրանց դիրքերը եւ ստեղծում հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը: Ռոբոտների չափսերը սահմանափակ են` 40սմ x 40սմ, իսկ քաշը` մինչեւ 10կգ:

Մրցույթին մասնակցում են 5 թիմ` «Առնետ», «Միմ», «Ռեւոտեք», «Մայմհագր», «Ոզնի»: Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Թիմերը կազմված են համալսարանների ուսանողներից, շրջանավարտներից, պրոֆեսիոնալներից եւ այլն: Հաղթողների համար սահմանված են հետեւյալ մրցանակները` առաջին տեղ` 400.000 դրամ, երկրորդ տեղ` 300.000 դրամ, երրորդ տեղ` 200.000 դրամ:

Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, հատուկ մրցանակի հովանավորը` «ԷյԲիԲի» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցներն են` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը: