Սիրիացի փախստականը կոտրել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պատուհանը Բեռլինում՝ խնդրելով հանդիպել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 10-ի երեկոյան։ Սիրիայի 48-ամյա քաղաքացին պահանջել է հանդիպում կանցլերի հետ՝ քննարկելու գերմանական դատարանի որոշումը «Գազայի հատվածում ցեղասպանության թեմայով», գրել է թերթը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ որոշման մասին է խոսքը։ Մերժումից հետո տղամարդը մայթից վերցրել է սալաքարը եւ նետել նախարարության անցակետի պատուհանի վրա՝ վնասելով զրահակայուն ապակին։

Ոստիկանները բերման են ենթարկել հանցագործին։ «Ուրբաթ երեկոյան մի տղամարդ սալաքար է նետել ՆԳ դաշնային նախարարության մուտքի պատուհանին։ Արդյունքում՝ վնասվել է ապակին»,- հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչը պարբերականին։

Ոստիկանները պարզել են, որ սիրիացին որոնվում է միանգամից երեք դաշնային նահանգներում։ Նա Գերմանիա է ժամանել 2015թ. եւ ստացել փախստականի կարգավիճակ, սակայն առնվազն 2023թ. փետրվարից նա երկրում գտնվելու պատճառ չունի եւ համարվում է «արդարադատությունից խուսափող»։ Տղամարդը նախկինում քրեական հետապնդման է ենթարկվել նաեւ ծառայությունների դիմաց վճարումից խուսափելու եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար:

Չնայած տեղի ունեցածին՝ սիրիացուն ձերբակալությունից անմիջապես հետո ազատ են արձակել, պարզաբանել է թերթը։