Եթե ​​2021թ. պետությունը գյուղատնտեսության վրա ծախսել է մոտ 21 մլրդ դրամ, ապա 2023-2024թթ. այդ ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ 2025թ. նախատեսվում է ծախսել մոտ 43 մլրդ դրամ։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 13-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ պետությունը կենտրոնացել է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման վրա, ինչը պայմանավորված է նրանով, որ Հայաստանն ունի սահմանափակ հողային եւ ջրային ռեսուրսներ։

«Մենք, ինչպես եւ նախատեսում էինք, հասել ենք 6-7 խոշոր անասնաբուծական ֆերմաների բացման։ Այս ոլորտում իրականացվել կամ իրականացվում է 110 մլն դոլարի ծրագիր։ Այս ոլորտի զարգացումը կարեւոր է ոչ միայն արտահանման, այլեւ պարենային անվտանգության տեսանկյունից։ Բացի այդ, ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռիդ» ընկերությունը նախատեսում է 190 մլն դոլարի ներդրում կատարել՝ Արագած լեռան լանջին նոր էկոգյուղատնտեսական եւ դահուկային համալիր ստեղծելու ծրագրի իրականացման շրջանակներում»,- ավելացրել է Պապոյանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ ֆերմերներն այլեւս չեն վճարի անասունների սպանդի համար, պետությունը կփոխհատուցի սպանդանոցների ծառայությունների դիմաց միջին գներով։

Նախարարը նշել է, որ 2024թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անասնաբուծության աճը կազմել է 1,5 տոկոս, իսկ բուսաբուծությանը՝ 7,6 տոկոս։