«Mayler» ընկերությունը Արագածոտնի Եղիպատրուշ գյուղում 15 տարում կներդնի մոտ 250 մլն դոլար լեռնադահուկային հանգստավայրի զարգացման համար։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 13-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նա պարզաբանել է, որ այս պահին ընկերությունն արդեն կատարել է 27-28 մլրդ դրամի ներդրում, այս տարի նախատեսվում է եւս 12-13 մլրդ դրամի ներդրում, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը տարեվերջին կգերազանցի 105 մլն դոլարը։

«Երեւանում կկառուցվի 40 հարկանի նոր խոշոր առեւտրի կենտրոն, որը Հայաստանի համար կդառնա այս ոլորտում ամենամեծ ներդրումը»,- ասել է Պապոյանը՝ վստահեցնելով, որ աշխատանքներն ակտիվ փուլում են։

Պաշտոնյան ավելացրել է, որ էլեկտրակայաններ կառուցող «Մասդար» ընկերությունը կառավարության համար ընդունելի առաջարկով է հանդես եկել։ «Այժմ մենք քննարկում ենք համաձայնագրի իրավական կողմը այն առաջարկների շրջանակում, որոնք արվել են ԱՄԷ գործընկերների կողմից»,- ասել է նա։

Նախարարը նաեւ հիշեցրել է, որ «Լիդիան» ընկերությունը իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցել է Հայաստանի կառավարությանը։  «Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 500 մլն դոլար։ Մնացած 250 մլն դոլարից ընկերությունը նույնպես 100 մլն դոլարի ներդրում կանի։ Մնացած 150 մլն-ը ներդրվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Այս դեպքում շինարարական աշխատանքները կսկսվեն գարնանը, իսկ հանքի շահագործումը կսկսվի սեպտեմբեր-հոկտեմբերին»,- նշել է նա։

Պապոյանը հայտնել է, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում 40 մլն դոլար արժողությամբ մետալուրգիական գործարան է կառուցվել, որի արտադրանքը 2025թ. փետրվարից կարտահանվի։

Երկրում զրոյից գործում են 3-4 խոշոր մետալուրգիական գործարաններ, որոնց շրջանակում ստեղծվել է 1 000-ից ավելի նոր աշխատատեղ, եւս 700-1 000 նոր աշխատատեղ ստեղծելու ներուժ կա»,- եզրափակել է պաշտոնյան։