Դեռևս մայիսին բավականին հանգիստ քննարկումներ ենք ունեցել շրջանառության հարկի տոկոսադրույքը բարձրացնելու հետ կապված. հանրությանը բացատրել ենք, թե սա ինչով է պայմանավորված և նաև բացատրել ենք, որ պարտաճանաչ ծախսագրումներ իրականացնելու պարագայում շրջանառության հարկ վճարողների տոկոսադրույքները, հարկային բեռը չի ավելանալու։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շրջանառության հարկի ավելացումը ոչ թե խոշորների ստվերը կրճատելու համար է, այլ միջին և ավելի փոքր բիզնեսին է հարված հասցնելու։

«Համակարգը այն ձև է սարքած, որ նրանք, ովքեր պարտաճանաչ ծախսագրումներ կանեն, ծախսային իրենց թղթերը կունենան, իրենց համար ավելացում չի լինելու: Եթե դժգոհություններ կան, ապա գուցե դժգոհում են այն մարդիկ, որոնք այդ ծախսերը հաստատող փաստաթղթեր վերցնելու հետ կապված խնդիրներ ունեն: Պետք է լավ հասկանանք, թե ովքեր են դժգոհում։

Իհարկե ցանկացած փոփոխություն կարող է որոշակի փոփոխություն բերել. ասենք, եթե առաջ տնտեսվարողները առանց որևէ ծախս հիմնավորող փաստաթուղթ ունենալու ձեռնարկություն ունեին, հիմա ստիպված են ինչ-որ նոր գործողություններ անել, որպեսզի ծախսը հիմնավորող փաստաթղթեր ունենան: Դա կարող է որոշակի անհարմարություն ստեղծել, բայց դա բիզնես անելու ստանդարտ պրակտիկա է և պետք է համակերպվենք այդ մտքի հետ, որովհետև բոլորս էլ ուզում ենք, որ ստվերային շրջանառություն Հայաստանում չլինի»,- ասաց նախարարը:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 13-ին, ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. Նրանք բողոքում են, որ հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

Իհարկե, փաստաթղթաշրջանառություն ցույց տալու դեպքում հարկը 1,5 տոկոսից նվազում է 1 տոկոսի, սակայն ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով նրանք անհնար են համարում փաստաթղթաշրջանառությամբ աշխատելը: