Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարծիք ունի Եվրաքվեի նախաձեռնության վերաբերյալ:

«Մանկուրտները ծառայում են բոզկուրտներին․ սա է Հայաստանում իրավիճակը: Ով մտածում էր, թե հայհոյանք ասեցի, ասեմ՝ ավելի վատ բան էր, բոզկուրտները թուրքական ֆաշիստական հակահայկական կազմակերպություն է։ Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա։

Կարծում եմ՝ ժամանակն է, որ ԵՄ իրական բարեկամները հայ ժողովրդին ուղիղ ասեն ճիշտը: Հայաստանը, ցավոք կամ բարեբախտասբար, էական չէ, երբեք չի լինելու ԵՄ կազմում և սա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է: Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամներ, իրենք պարտավոր են ասել՝ ժողովո՛ւրդ ջան, շատ ուրախ ենք, որ մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ երբեք չենք պսակվելու»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով ՌԴ-ի կտրուկ արձագանքին՝ Աշոտյանը նշեց. «Սերժ Սարգսյանի բանակցային  ժառանգությունը մսխեց Արցախի հարցով, հիմա էլ մսխում է Սերժ Սարգսյանի գեոպոլիտիկ ժառանգությունը, մասնավորապես, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ճիշտ դրված բալանսը։ Նա մսխում է Սերժ Սարգսյանի տնտեսական ժառանգությունը, միայն 2013 թվականին կնքված գազային պայմանագիրը Հայաստանին այս  տարիների ընթացքում առնվազն 8 մլրդ դոլարի օգուտ է տվել։ Այն կնքվել էր Սերժ Սարգսյանի կողմից, ժամանակին շատ քննադատվեց, բայց ՀՀ-ին մեծ օգուտներ է բերել, էլ չասեմ, թե ԵԱՏՄ-ի շնորհիվ ինչքան միլիարդների օգուտ ենք ստանում՝ ֆիզիկական անձանց մակարդակից մինչև պետբյուջեի»։