«Անի կաթ» ընկերությունը դատական կարգով վիճարկելու է Հաաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ «Անի կաթը» 2 այլ ընկերությունների հետ տուգանվեց անբարեխիղճ մրցակցության համար:
Այս մասին Հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Անի կաթի» արտադրության պետ Տիգրան Շալջյանը:
«Անի կաթի» տուգանքը կազմում է 5 միլիոն դրամ:
Ըստ Տ. Շալջյանի` ինքն ընդհանրապես վստահ չէ, որ «Անի կաթի» արտադրանքն է ներկայացվել փորձաքննության: Նրա կարծիքով` լաբորատոր փորձաքննության ժամանակ կիրառվել են մեթոդներ, որոնք նախատեսված էին այլ մթերքների համար, մասնավորապես` բուսական յուղի: Այսինքն` պետք էր կիրառել այն ստանդարտները, որոքն սահմանված են կաթնամթերքի համար: «Հայաստանում գոյություն ունեն ազգային ստանդարտներ, որոնց հիման վրա պետք է կատարել փորձաքննություն, մինչդեռ կատարվել է սխալ հետազոտություն, հետեւաբար`արդյունքն էլ է սխալ»,- նշեց նա:
Ըստ Տ. Շալջյանի` նմուշի ներկայացումը փորձարկման կատարվել է սխալ, խախտվել է ՀՀ գործող նմուշառման ու նմուշների ներկայացման կարգը, խախտվել է լաբորատոր փորձաքննության կարգը:
Տ. Շալջյանի տեղեկացմամբ` իրենց արտադրատեսակներում բուսական յուղ չկա: Նա չհերքեց, որ ներկրում է բուսական յուղ (մասնավորապես` կոկոսի յուղ), բայց ասաց, որ դա օգտագործում են այլ նպատակներով:
Նշենք, որ «Անի կաթ» ընկերությունը (ընկերության ճիշտ անվանումն է` «Թամարա եւ Անի») հիմնվել է Մկրտչյանների ընտանիքի կողմից: Հիշեցնենք նաեւ, որ Կառլեն Մկտրտչյանը հայտնի «Չորս ընկեր» ընկերության տնօրենն է, որն այս տարի ՏՄՊՊՀ-ի կողմից տուգանվեց Թուքրիայից բեռնափոխադրումների համար բարձր սակագներ սահմանելու համար:




























