Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, որ ՔՊ նախաձեռնող նիստից հետո մամուլում գրվեց, որ երկու նախարարներ ՔՊ-ի թիրախում են, որոնցից մեկը ինքն է։

«Այս լուրերին, որոնք ամեն շաբաթ են շրջանառվում, վերաբերում եմ հումորով, հանգիստ: Մոտավորապես զավեշտի ժանրից, որովհետև արդեն 4 տարի ամեն շաբաթ գրվում է։ Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցե և ճիշտ լինի, ինչին ես վերաբերում եմ հանգիստ, նորմալ»,- ասաց նա:

Ավանեսյանի խոսքով՝ ՔՊ նախաձեռնող նիստերին ներքին քննադատական մեխանիզմներ կան, ինչը, ըստ նրա, օգնում է, որ  կարողանան կուսակցության ներսում ամենսուր հարցերը բարձրացնել։

Նախարարը նաև նշեց, որ ոչ ինքը, ոչ էլ իր ընտանիքի որևէ անդամ որևէ առնչություն որևէ բժշկական կենտրոնի հետ չունեն. «Կխնդրեմ, մինչև որ կբերեք որևէ ապացույց նման առնչություն, այս հարցն այլևս մի տվեք։ Ես չեմ կարող ամեն օր ժխտել մի բան, որը ժխտված է, չկա հակառակը դրան ապացուցող որևէ բան»։