ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է կառավարության ղեկավարի վարկանիշի անկման պատճառները: Ի դեպ, Պեսկովն այդ երեւույթը ժամանակավոր է համարել: Իսկ բացատրում է դա խորհրդարանական ընտրություններից հետո հասարակության մեջ ձեւավորված զգացմունքային ֆոնով:
«Իսկապես, անկում է նկատվում վարկանիշներում: Շատ դեպքերում դա կապված է ընդհանուր զգացմունքային ֆոնի հետ նախընտրական եւ հետընտրական փուլերում: Միեւնույն ժամանակ, եթե մի կողմ դնենք զգացմունքները, ակնհայտ է, որ իրական վիճակը, ըստ ամենայնի, դրական վիճակում է»,- ասել է Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին` հավելելով, որ իրենք հույս ունեն, թե վարկանիշը կաճի:
Նշենք, որ դեկտեմբերի 15-ին հրապարակված հարցումների համաձայն Պուտինի վարկանիշը կազմել է 51 տոկոս, մինչդեռ ընտրություններից առաջ կազմում էր 60-61 տոկոս:




























