Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսագրոլիզինգ» ընկերության ղեկավար Վալերի Նազարովին: «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրի գյուղտեխնիկան բավականին հնամաշ է դարձել, ուստի գյուղտեխնիկայի պարկի համալրման եւ վերազինման կարիք ունենք: Այդ իսկ պատճառով էլ մենք մեծապես հետաքրքրված ենք Ձեր ընկերության հետ համագործակցությամբ եւ «Ռոսագրոլիզինգ»-ի՝  հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությամբ»,- ասել է վարչապետը:

Զրուցակիները քննարկել են «Ռոսագրոլիզինգ»-ի կողմից մեր երկրին գյուղտեխնիկայի  հնարավոր մատակարարման, ռուսական ընկերության՝ Հայաստանում ներկայացուցչության ստեղծման եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Կողմերը պայմանավորվել են մշակել «Ռոսագրոլիզինգ»-ի՝ Հայաստանում ներդրումների իրականացման համապարփակ ծրագիր, որի հիման վրա էլ առաջիկայում կքննարկվեն երկկողմ հետագա համագործակցության հստակ գործողությունները: