Հնդկաստանի հարավային Կերալա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 44 տղամարդու, ովքեր մեղադրվում են հինգ տարվա ընթացքում 18-ամյա աղջկան բռնաբարելու մեջ։Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ոստիկանության աշխատակիցը՝ ափամերձ զբոսաշրջային հանգստավայրը ցնցած գործի շրջանակներում, հայտնում է Reuters-ը։
Տուժողը, այսպես կոչված, դալիթ ցածր կաստային պատկանող մարզուհին, ոստիկանությանը հայտնել է, որ հինգ տարվա ընթացքում սեռական բռնության է ենթարկվել 62 հոգու կողմից:
Պաշտոնական անձինք հայտնել են, որ ոստիկանությունը պարզել է տղամարդկանցից 58-ի ինքնությունը, որոնցից մի քանիսն անչափահաս են, իսկ 44-ին ձերբակալել են վերջին երկու օրվա ընթացքում։
«Մենք պարզել ենք մնացած 14 մարդկանց ինքնությունը, և նրանք շուտով կձերբակալվեն»,- Reuters-ին ասել է Փաթանամթիտա շրջանի ( որտեղ կատարվել են հանցագործությունները) ոստիկանության տեսուչի տեղակալ Պ.Ս. Նանդակումարը:
Դեպքը բացահայտվել է այն բանից հետո, երբ աղջիկը գենդերային իրազեկման ծրագրի ժամանակ կամավորին պատմել է խմբակային բռնաբարության մասին: Հետաքննության ղեկավար Նանդակումարը ասել է, որ հանցագործությունների կատարման մանրամասները դեռևս պարզվում են։
Ոստիկանությունում տուժողն ասել է, որ բռնությունը սկսվել է, երբ նա 13 տարեկան էր․ այդ ժամանակ իրեն բռնաբարել է հարևանը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ մեղադրյալներից չորսը անչափահաս են։ Հնդկաստանի օրենսդրության համաձայն՝ ցածր կաստաների հետ կապված բռնաբարության գործով մեղադրյալները չեն կարող անմիջապես ազատ արձակվել գրավի դիմաց:
2022 թվականին Հնդկաստանում գրանցվել է բռնաբարության ավելի քան 31,000 դեպք․ սա վերջին տարին է, որի վերաբերյալ առկա են տվյալներ, իսկ դատապարտվածության մակարդակը տխրահռչակ ցածր է: Անցյալ տարի արևելյան Կալկութա քաղաքում բժիշկ-պրակտիկանտի բռնաբարությունն ու սպանությունը վրդովմունք առաջացրեց ամբողջ երկրում՝ բողոքի ցույցերով և փողոցային երթերով, որոնք կոչ էին անում քայլեր ձեռնարկել մեղադրյալի դեմ:





























