Ռուսաստանի և Եվրոպայի չեմպիոն, ԱԴԾ ռազմական հակահետախուզության վարչության աշխատակից Վլադիմիր Ֆեշչենկոյին սպանված են գտել Մոսկվայի կենտրոնում, գրում է Gazeta.ru-ն։

Նրա վրա կրակել են ատրճանակից, գնդակը դիպել է գլխին։ Նախնական վարկածով՝ սպանության պատճառը զինվորականի հետ կենցաղային կոնֆլիկտն է։ Կասկածյալն արդեն կալանավորվել է։

Կշռաքարային սպորտի միջազգային վարպետ Վլադիմիր Ֆեշչենկոյի մահվան մասին հայտնել է Baza Telegram-յան ալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզիկի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայում հունվարի 13-ի գիշերը։

Ինչպես РБК-ին հայտնել է իրազեկ աղբյուրը, Ֆեշչենկոն, ով աշխատում էր ՌԴ ԱԴԾ ռազմական հակահետախուզության վարչությունում, գնդակահարվել է․ ատրճանակի գնդակը դիպել է նրա գլխին։

Իրավապահ մարմինները ՏԱՍՍ գործակալությանը հաստատել են մարզիկի մահվան մասին տեղեկությունը՝ հայտնելով, որ դիակը հայտնաբերվել է «Մոսկվայի կենտրոնում՝ Օլխովայա փողոցում»՝ հավանաբար նկատի ունենալով Օլխովսկայա փողոցը։ Այնտեղ, ինչպես նշում է «Осторожно, Москва» Telegram-յան ալիքը, գտնվում է պաշտպանության նախարարության շենքերից մեկը։

«Սպանության պատճառը զինվորականի հետ կենցաղային կոնֆլիկտն է եղել», - ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահները։ РБК-ի աղբյուրը որպես վարկած առաջ է քաշել անզգուշորեն սպանությունը՝ ընդգծելով, որ կրակոցը կարող էր հնչել «երկու տղամարդկանց վիճաբանության արդյունքում»։

Կասկածյալն արդեն կալանավորվել է, քրեական գործ է հարուցվել։ Դեպքի վայրում աշխատում են ԱԴԾ և Ռազմական քննչական կոմիտեի աշխատակիցները։

Վլադիմիր Ֆեշչենկոն ծնվել է 1998 թվականին Մոսկվայի մարզի Կրասնոզավոդսկ քաղաքում։ Նա ժառանգական մարզիկ էր, սկսել էր պրոֆեսիոնալ կերպով զբաղվել այս մարզաձևով և զգալի բարձունքներ նվաճել՝ ի թիվս այլ բաների, դառնալով Եվրոպայի չեմպիոն։