Երեկվա գործակարգավարական խորհրդակցությունից հետո երեկոյան արդեն մոտ 96 վարորդ ունեինք, որոնք հայտնել էին իրենց պատրաստակամությունը անցնելու աշխատանքի: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ինքը բողոքում էր, որ բավարար թվով վարորդներ չեն գրանցել Երեւանի տրանսպորտում աշխատանքի համար:
«Այսօր շարունակվում են աշխատանքները, հուսով եմ մինչև շաբաթվա վերջ արդեն ամբողջական խնդիրը լուծած կլինենք»,-ասաց նա:
Խոսելով փողոցային երաժիշտների խնդրի մասին, Ավինյանն ասաց. «Այդտեղ դեբատ ունեինք, այսօր երիտասարդական խորհուրդն էլ նույն այս հարցով քննարկում ուներ: Երկու կարծիք կա. կարծիք կա, որ առհասարակ պետք է թույլ չտալ, կարծիք կա, որ պետք է ազատ թողնել և այդտեղ խնդիր չկա և կարծիք կա, որ որոշակի կարգավորումներ պետք են: Ես կարծում եմ՝ վերջին տարբերակով ենք գնալու»:
Լրագրողները հարց ուղղեցին նաեւ Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու եւ ԵԱՏՄ-ից հեռանալու մասին, ինչին Ավինյանն արձագանքեց. «Իմ առօրյան այնքան լի է քաղաքային խնդիրների լուծմամբ, որ որոշ դեպքերում ուղղակի բավարար չափով չեմ կարող դետալներին տիրապետած լինեմ, հասցրած լինեմ: Եթե պատրաստ լինեի պատասխանել հարցին, մեծ հաճույքով կպատասխանեի:
Հիմա բազմաթիվ խնդիրներ կան քաղաքային տարբեր ոլորտներում և այս խնդիրների լուծման վրա ենք մենք ավելի շատ կենտրոնացած»:











