Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին, ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը՝ NEWS.ru-ի հետ զրույցում:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության ստեղծումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում։

«Սակայն այստեղ երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար», - ասել է Թասմագամբետովը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փաստաթուղթ կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին։

Այս լուրն արդեն մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով հայտարարել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, և Ռուսաստանը, իր հերթին, մտադիր է կապեր կառուցել Հայաստանի հետ:

«Սա մեր հայ ընկերների բացարձակ ինքնիշխան իրավունքն է։ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: Մենք շարունակում ենք ելնել հիմնականից՝ մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, մենք գնահատում ենք այդ հարաբերությունները, մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է, որ բացի երկկողմ ասպեկտներից, Մոսկվայի համար շատ կարևոր է փոխգործակցությունը ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։ «Այս ամենը միասին վերցրած համագործակցություն է, որը զգալի դիվիդենտներ է ապահովում Հայաստանի և նրա ժողովրդի համար: Սրանից էլ ելնում ենք»,- եզրափակել է նա։