Չինաստանի պետական նավթային ընկերությունները և խոշոր մասնավոր նավթավերամշակման գործարանները Մերձավոր Արևելքից և այլ վայրերից հում նավթ են գնում՝ արագացնելով վառելիքի մատակարարման հնարավոր խափանումներին պատրաստվելը, քանի որ Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը սպառնում է կարճաժամկետ հեռանկարում սահմանափակել հում նավթի մատակարարումները։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։

Երեքշաբթի օրը առևտրականները հայտնել են, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Cnooc-ը, Shandong Yulong Petrochemical-ը և Jiangsu Eastern Shenghong-ը, հում նավթի գնման հրատապ հարցումներ են ուղարկում արագ առաքման համար՝ հավելելով, որ դիտարկվում են Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ամերիկայի տարբեր տեսակի նավթեր։

Նրանք պնդում են, որ փետրվարյան բեռներն առանձնահատուկ պահանջարկ ունեն։ Չինաստանի խոշորագույն նավթագնորդներից մի քանիսի որոշումը կապված է այն մտավախության հետ, որ առանց այդ էլ ճնշման տակ գտնվող մասնավոր փոքր նավթավերամշակման ընկերությունները կարող են ստիպված լինել նվազեցնել գործառնական դրույքաչափերը և կրճատել վառելիքի արտադրությունը, եթե այլևս հասանելի չլինի զեղչված ռուսական և իրանական նավթը՝ նշում է գործակալությունը։

Վաշինգտոնի կողմից ներմուծված պատժամիջոցների վերջին փուլը ներառում է ավելի քան 180 տանկեր և Ռուսաստանի խոշորագույն նավթարտադրողներից մի քանիսին՝ ընդգծում է Bloomberg-ը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, այս միջոցառումներն անդրադարձել են ասիական նավթային շուկայի վրա. գնորդները, բեռնափոխադրողները և նավահանգստային օպերատորները փորձում են հաղթահարել հետևանքները։