Ռուսաստանի Տոմսկ քաղաքի կենտրոնական հրապարակի մոտակայքում գտնվող Աստվածահայտնության տաճարի զբոսայգում հայկական խաչքար է տեղադրվել:

«Այս հուշարձանը մենք նվիրում ենք Հայաստանի եւ Ռուսաստանի բազմադարյա բարեկամությանը: Խաչքարի տեղադրման հարցը նախօրեին արժանացել է  Տոմսկի քաղաքային դումայի հավանությանը», -հայտարարել է Տոմսկի մարզի հայերի միության նախագահ Ռուբեն Մանուկյանը, որի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Նրա խոսքով` հուշարձանն իրենից ներկայացնում է երկու քարե խաչ` մեկը մյուսի մեջ, բարձրությունը երեք մետր է:

Տոմսկի մարզի հայերի միության նախագահը նշել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Տոմսկի թեմը եւս հավանություն է տվել խաչքարի տեղադրմանը: «Մենք անցել ենք բոլոր ընթացակարգերը, խաչքարի տեղադրման բոլոր կանոնները պահպանված են, տեղի են ունեցել հասարակական քննարկումներ»,-ընդգծել է Մանուկյանը:

Նա ավելացրել է, որ պաշտոնական տվյալներով Տոմսկի տարածաշրջանում բնակվում է մոտ 2 հազ. հայ,  ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 5 հազար: