Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ուղղված է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների զարգացմանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, բայց չի ենթադրում ռազմական դաշինքի ձեւավորում։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Դա իսկապես համալիր, համապարփակ համաձայնագիր է։ Այն ընդգրկում է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսությանն ու առեւտրին, <...> համաձայնագիրը ներառում է համագործակցություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում, սակայն չի հետապնդում ռազմական դաշինք ստեղծելու նպատակ»,– Իրանի պետականհեռուստառադիոընկերության եթերում ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ պայմանագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ եւ ոչ մի կերպ չի սահմանափակում Մոսկվայի եւ Թեհրանի՝ այլ երկրների հետ պայմանագրեր կնքելու հնրարավորությունը։ Ավելի վաղ ՌԴ-ում իսլամական հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ ռուս-իրանական պայմանագիրը կնքվելու է 20 տարով։
Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը նպատակ ունի դառնալ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման հիմնական փուլը: Երկու երկրների պաշտոնյաների խոսքով՝ համաձայնագիրը ներառում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները եւ նոր հորիզոններ կբացի ռուս-իրանական փոխգործակցության տարբեր ոլորտներում՝ ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը եւ տեխնոլոգիաները։
Ներկայում պետություններն առաջնորդվում են Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների եւ համագործակցության սկզբունքների մասին 2001թ. պայմանագրի դրույթներով: Այն կնքվել է 10 տարով եւ երկարացվել հետագա հինգ տարվա համար:




























