Շառ դժվար է խոսել Մհերի մասին. 1992-ի դեկտեմբերի 28-ն էր, Սյունիք առաջնագիծ էինք մեկնել, երբ Արցախը բլոկադայի մեջ էր. Մհերը որպես ՀՅԴ Երեւանի կառույցի ղեկավար, մյուսների հետ միասին դրամահավաք էին արել: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին:

«Բերդաձորի շրջապատված 4 գյուղերի համար լավաշ էին խնդրել եւ գյուղերի երեխաների համար Ամանորի նվերներ էին պատրաստել: Մի քանի ժամով կաողացանք այդ բլոկադան անցնել: Ես հիշում եմ Մհերի մանկական երջանկությունը եւ վերադարձի ամբողջ ճանապարհին «Եկ գնանք Արցախ» երգն էր միացրել: Այդ ուրախության մեջ զգում էի, թե մի փոքր գործ անելն ինչ բերկրանք է պատճառում:

Իրականում շահերը Մհերին ճանաչում են որպես քաղաքական, կուսակցական պայքարի, գործունեության մեջ, բայց  մի թաքուն բան ուներ Մհերը. Շատ-շատերը, որոնք ունեցել են օգնության կարիք, Մհերը բոլորին ձեռք էր մեկնել: Տասնյակներով, հարյուներով էին, նույնիսկ Մհերի վրա ջղայնանում էինք:

Մի դեպք պատմեմ, որ օգնել էր մեկին, որը հետո ինձ շնորհակալություն հայտնեց, որ Մհերն օգնել է: Ես ասացի Մհերին՝ քո մեքենան ավելի էժան է, քան իր ունեցած մեքենան: Այն սիրտը, որ ինքն ուներ, տա Աստված, որ մեր ամեն մի հայրենակիցը ունենա»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ երկու օր առաջ ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը: Նա եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15֊ին՝ ժամը 17։30֊ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ հունվարի 16֊ին` ժամը 13։00֊ին, նույն վայրից։

Ի հիշատակ Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել է սգո հուշամատյան: