Բաթումում ծեծի է ենթարկվել նախկին վարչապետ Գեորգի Գախարիան, որն այժմ ըդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդն է, նա ուղեղի ցնցում է ստացել, կոտրել են քիթը, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Հարձակումը տեղի է ունեցել գիշերը Բաթումի «Շերատոն» հյուրանոցի նախասրահում։ Միջադեպին նախորդող հանգամանքների, ինչպես նաեւ մասնակիցների թվի մասին չի հաղորդվում։ Ըստ ականատեսների՝ ծեծի մասնակիցների մեջ տեսել են «Ժողովրդի ուժի» պատգամավոր Դմիտրի Սամխարաձեին, որն իշխանության կուսակցության կամակատարն է, եւ Աջարիայի Գերագույն խորհրդի անդամ (իշխանության կուսակցությունից) Գեորգի Մանվելիձեին։

Տեղեկացվել է նաեւ, որ ոստիկանության պարեկախումբը դեպքի վայր է ժամանել կանչից 40 րոպե հետո՝ շատ ավելի ուշ, քան շտապօգնությունը։

Ոստիկանությունից հայտնել են, որ քրեական օրենսգրքի ծեծի հոդվածով հարուցվել է քրեական գործ։ Նրանք չեն մեկնաբանել միջադեպին պատգամավորների մասնակցությունը։

Հիվանդանոցից, որտեղ Գախարիային տեղափոխել են հետազոտման համար, հայտնել են, որ մեքենան ժամանել է ժամը 02:30-ի սահմաններում, ախտորոշումից հետո նա հրաժարվել է մնալ հետագա բուժման համար։ Նախկին վարչապետի մոտ ախտորոշվել են քթի ոսկորի կոտրվածք եւ ուղեղի ցնցում։

Բացի Գախարիայից, նույն վայրում իր վրա հարձակման մասին հայտնել է լրագրող Զվիադ Կորիձեն։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել Գախարիայի հետ միջադեպից առաջ, երբ նա կնոջ հետ նստած է եղել հյուրանոցի նախասրահում։ Նշյալ Սախմարաձեն եւ նրա հետ գտնվող կինը իբր մոտեցել են Կորիձեին եւ սկսել վիրավորել նրան ու «Միավորված ազգային շարժում» կուսակցությանը՝ իրենց ավելի ու ավելի ագրեսիվ պահելով, իսկ հետո նրանց միացել են ընկերները։ Լրագրողը մոտեցել է պահապաններին՝ խնդրելով պաշտպանել իրեն, եւ, նրա խոսքով, այդ պահին ինչ-որ մեկը հարվածել է իրեն։