Նա ոչ միայն գործընկեր էր, այլև իսկապես մեր հարազատ ընկերն էր, հավատավոր դաշնակցական, հարազատ ընկեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին:

«Նա այն երիտասարդ ընկերներից էր, ումից մենք շատ բան ունեինք սովորելու, նրա սկզբունքայնությունը, նրա պատրաստակամությունը, նպատակասիրացությունը: Կային բաներ, որ մենք իսկապես շատ ունեինք իրենից սովորելու և այո, այդ մեծ կորուստը ոչ միայն իր ընտանիքին է, նաև մեր կուսակցության համար է, մեր խմբակցության համար, մեր երկրի համար:

Ես առավել քան համոզված եմ, որ ինքը երկնքից հետևելու է մեր արարքներին, մեր գործողություններին և մեզ մեր երազներում հուշելու է, թե ինչ անենք իր իսկ նպատակների իրականացման համար: Դա հայրենիքը փրկելն է այս կործանված անկումից: Ինքը շատ անմիջական, շատ նպատակասլաց, շատ սկզբունքային երիտասարդ էր, պատերազմների մասնակից էր, չորս տղա երեխաների հայր: Նրա ամեն մի քայլը ուսուցանելի է մեզ համար, մեր երիտասարդության համար, Մենք շատ ենք դեռ հիշելու նրա արածներն ու փորձելու ենք գոնե մի քիչ մոտենալ նրա հայրենասիրությանը»,- իր խոսքն ամփոփեց պատգամավորը:

Նշենք, որ երկու օր առաջ ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը: Նա եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15֊ին՝ ժամը 17։30֊ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ հունվարի 16֊ին` ժամը 13։00֊ին, նույն վայրից։

Ի հիշատակ Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել է սգո հուշամատյան: