«Ես 2013-ին դառնալու եմ Ադրբեջանի նախագահ»,-հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախկին խոսնակ, ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Ռասուլ Գուլիեւը, հաղորդում է Qafqazinfo.az կայքը:
«2013-ին Ադրբեջանի հանրապետությունում նախագահական ընտրություններ կանցկացվեն, եւ ես հաղթանակ եմ տանելու այդ ընտրություններում: Ձեզ հարյուր տոկոսով վստահեցնում եմ, որ իմ ընտրվելու ժամանակ որեւէ կեղծարարություն չի լինելու: Երբեք պատվաբեր չեմ համարել կեղծ նախագահ դառնալը: Կարեւոր խնդիրն այն է, որ ոչ ոքի թույլ չտանք կեղծել ընտրությունները»,-ասել է Գուլիեւը «Բաքու» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Նա հայտնել է, որ չնայած արդեն 64 տարեկան է, սակայն պատրաստվում է ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին: «Ադրբեջանցի ժողովրդին ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար կանեմ ամեն հնարավորը եւ մինչեւ վերջ կպայքարեմ: Դա նաեւ իմ վերջին հնարավորությունն է, եւ ես լավագույս կօգտագործեմ այն: Համոզված եմ, որ ընտրությունների մասնակցած բնակչության 99 տոկոսն ինձ է ընտրելու: Պետք է թույլ չտալ, որ եւս մեկ հանցավոր խմբավորում գա իշխանության ու շարունակի թալանել ժողովրդին: Եթե Ալիեւներից հետո ինչ-որ մեկն էլ ծանր բեռի տակ գցի ժողովրդին, ապա ադրբեջանցիները բարոյա-հոգեբանական առումով կմահանան եւ այլեւս չեն կարող ժողովորդ կոչվել: Որպես հայրենասեր մարդ, ես չեմ կարող դա թույլ տալ»,-հայտարարել է Ռասուլ Գուլիեւը, մեջբերում է Qafqazinfo.az-ը:
Նշենք, որ Ռասուլ Գուլիեւը ղեկավարում է «Բաց հասարակություն» կուսակցությունը եւ այժմ էմիգրանտի կարգավիճակով հաստատվել է ԱՄՆ-ում: Նրա անունը վերջերս սկսել է շրջանառվել 2013-ի նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների հարցի առնչությամբ: Հենց դրանով է պայմանավորված Գուլիեւի կողմից ցուցաբերվող անակնկալ ակտիվությունը եւ Ադրբեջանի ներքին խնդիրներին միջամտելու փորձերը: Իր հայտարարությամբ նա եւս մեկ անգամ փաստեց, որ ջանալու է հակակշիռ ստեղծել Ալիեւին` փորձելով դառնալ Ադրբեջանի հաջորդ նախագահը:




























