Հայաստանում գողացված մեքենաներից գույքահարկ չի գանձվի։ Այս մասին Ազգային ժողովում հունվարի 15-ին Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
Ավելին, գողացված մեքենաների գույքահարկը պետք է վճարեն իրենք՝ գողերը։ «Սեփականատերը գույքահարկ չի վճարի, քանի դեռ նախկինում գողացված մեքենան չի վերադարձվել։ Միաժամանակ, եթե հանցագործություն կատարած անձը բացահայտվի, նա պարտավոր կլինի գույքահարկ վճարել պետությանը։ Համենայն դեպս, այն ժամանակահատվածի համար, երբ տրանսպորտային միջոցը չի գտնվել սեփականատիրոջ սեփականությունում»,- պարզաբանել է Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ անցած 5 տարիների ընթացքում Հայաստանում տարեկան 100-ից ոչ ավելի մեքենա է գողացվել։
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։





























