Բոլոր այն մարդիկ, որոնք աշխատունակ են, գտնվում են այնպիսի ընտանիքներում, որտեղ որ իրենց խնամառության ներքո չկան մարդիկ, որոնք հաշմանդամություն ունեն, խնամքի կարիք ունեն, այսինքն որոշակի սահմանափակող գործոն չկա, իրենց հետ փորձելու ենք աշխատել զբաղվածություն ապահովելով, հակառակ դեպքում նրանք չպետք է լինեն պետական աջակցության ծրագրի շահառու: Այդ մասին, այսօր՝ հունվարի 15-ին, 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Նրանց էթվը քիչ չէ՝ 30,000 վերջին տվյալներով: Մենք վերջին տարիներին՝ հատկապես 2021 թվականի Միասնական սոցիալական ծառայության ստեղծումից հետո, ինչպես նաև երկրի՝ հատկապես 2022 թվականի տնտեսական ակտիվության ֆոնին, նաև ճիշտ վարչարարության արդյունքում կարողացել ենք էապես կրճատել անապահովության համակարգում գտնվող ընտանիքների թիվը:
90 հազարից այդ թիվն իջեցրել ենք 30 հազարով: Վերջին թարմ տվյալներով՝ անապահովության համակարգում հիմա կա 60 հազար ընտանիք, այսինքն՝ սա նույնպես բավականին մեծ թիվ է 2021-ից հետո:
Եվ կրկին սա միայն չենք վերագրում մեր վարչարարությանը, սա նաև մեծապես առնչվում է երկրի տնտեսական ակտիվությանը և մարդկանց՝ տարբեր ոլորտներում ներգրավվելու հետ»,- ասաց նախարարը:





























