ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ տվել են ԱՄՆ-ի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը, ինչը դարձել է հերթական փուլ երկկողմ հարաբերություններում։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայ-ամերիկյան հարաբերությունների մասին հայտարարությունում։

Նշվել է, որ ուժեղ գործընկերները դառնում են կայուն տարածաշրջանային գործընկերներ, եւ երկկողմ համագործակցությունն արտացոլում է ավելի կայուն, խաղաղ, անվտանգ եւ անկախ Հարավային Կովկասի ընդհանուր հանձնառությունը: «Մինչ օրս Միացյալ Նահանգները մոտ 3,3 մլրդ դոլար է ներդրել Հայաստանում՝ աջակցելու համար ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին եւ կայունությանն ու եւ մարդասիրական օգնությանը, ներառյալ 340 մլն դոլար՝ սկսած 2021-ից։ «Մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, եւ մենք միասին աշխատում ենք ընդլայնել մեր տնտեսական, անվտանգային եւ պաշտպանական համագործակցությունը՝ ամրապնդելու  համար ժողովրդավարությունը, արդարությունը եւ ներառականությունը եւ զարգացնելու մարդկանց միջեւ փոխանակումները»,- նշվել է հայտարարության մեջ:

Տնտեսական համագործակցություն

Նշվել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված տնտեսական դիմակայունության բարելավմանը, առաջադեմ տեխնոլոգիաների խթանմանը եւ բարգավաճ եւ ապահով Հայաստանի առեւտրի, էներգետիկայի եւ պարենային անվտանգության խթանմանը: Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ առեւտուրը, ինչպես նաեւ ԱՄՆ ներդրումները Հայաստանի զարգացող տեխնոլոգիական ոլորտում, զգալիորեն աճել են 2020-ից ի վեր՝ ավելի քան եռապատկելով երկկողմ առեւտուրը մինչեւ 321 մլն դոլար 2020-2023թթ.։

2023-ից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, երկրի արտաքին առեւտրի ծառայության միջոցով, նպաստել է 15 մլն դոլարի արտահանմանը Միացյալ Նահանգներ՝ օգնելով մոտ 300 ամերիկյան ընկերությունների ամրապնդել իրենց դիրքերը հայկական շուկայում եւ ԱՄՆ մատակարարներին կապել հայկական ընկերությունների հետ, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում։ 2024թ. մարտին Միացյալ Նահանգները եւ Հայաստանը անցկացրել են Առեւտրի եւ ներդրումների խորհրդի՝ 2020-ից ի վեր առաջին հանդիպումը, որը նախանշել է երկկողմ առեւտրի եւ ներդրումների ավելացման կոնկրետ ուղիները։

Անվտանգություն եւ պաշտպանություն

ԱՄՆընդլայնել է պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ՝ 2023 եւ 2024թթ. Eagle Partner երկկողմ զորավարժություններ անցկացնելով՝ խաղաղապահ զորավարժությունների ընթացքում փոխգործունակությունն ամրապնդելու նպատակով։ Նշվել է, որ Միացյալ Նահանգները տրամադրել է 27 մլն դոլարի ֆինանսավորում` աջակցելու համար Հայաստանի ջանքերին` զարգացնել իր սահմանային անվտանգության կարողությունները` ԱՄՆ Արտահանման եւ սահմանների անվտանգության ծրագրի եւ ԱՄՆ մաքսային եւ սահմանների պաշտպանության հետ համագործակցությամբ: Վաշինգտոնը մոտ 18 մլն դոլար է տրամադրել Հայաստանի պաշտպանության նախարարությանը, 100 մլն դոլարի օտարերկրյա ռազմական ֆինանսավորում` զրահապատ շտապօգնության մեքենաներ ձեռք բերելու, Կիբեռպաշտպանության օպերատիվ կենտրոնի զարգացման եւ Ազգային ուսումնական կենտրոնի հնարավորությունների ընդլայնման համար: Հայաստանը միացել է շորթիչ ծրագրերի դեմ պայքարի միջազգային նախաձեռնությանը 2024թ. դեկտեմբերին, եւ Միացյալ Նահանգները նաեւ աշխատում է Հայաստանի հետ՝ մշակելու ազգային կիբեռանվտանգության ռազմավարություն, ներառյալ համակարգչային միջադեպերին արձագանքող ազգային թիմի ստեղծումը։

Դեմոկրատիայի, արդարադատության եւ ներառականության ամրապնդում

Հայաստանին ԱՄՆ օգնությունը նաեւ նպատակ ունի ամրապնդել մարդու իրավունքների ինստիտուտները եւ բարելավել կանանց, ինչպես նաեւ փախստականների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ներառվածությունն ու տնտեսական բարեկեցությունը: Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ մարմինների միջազգային բյուրոն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված ժամանակակից, պրոֆեսիոնալ եւ ծառայություններին միտված իրավապահ մարմինների զարգացմանը: Այս գումարը ներառում է ավելի քան 16 մլն դոլար՝ աջակցելու Հայաստանի Հանրապետության պարեկային ոստիկանության ստեղծմանը, վերապատրաստմանը եւ վերազինմանը, մարդկանց միջեւ փոխանակումների ընդլայնմանը։ Մարդկանց միջեւ կապերը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հիմքն են: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 16 փոխանակման ծրագիր է իրականացնում՝ հայերին Միացյալ Նահանգներ ուղարկելու համար, ավագ դպրոցի աշակերտներից մինչեւ խորհրդարանականներ։