ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) դատական հայց է ներկայացրել միլիարդատեր Իլոն Մասկի դեմ՝ 2022 թվականին Twitter սոցիալական ցանցը ձեռք բերելու ժամանակ նրա՝ բաժնետոմսերի գնման համար։
Մասկին մեղադրում են նրանում, որ նա ժամանակին չի հայտնել, որ ընկերությունում իր մասնաբաժինը գերազանցել է հինգ տոկոսի սահմանագիծը, ինչը նրան թույլ է տվել լրացուցիչ բաժնետոմսեր ձեռք բերել ավելի ցածր գնով՝ հայտնում է DW-ն։ Իլոն Մասկը սկսել է Twitter-ի բաժնետոմսերը շուկայում գնել 2022 թվականի սկզբին։ Ըստ SEC-ի տվյալների՝ նրա մասնաբաժինը հասել է հինգ տոկոսի 2022 թվականի մարտի 14-ին: Համաձայն ԱՄՆ կանոնների՝ նա պետք է այդ մասին հրապարակայնորեն զեկուցեր տասը օրացուցային օրվա ընթացքում: Սակայն միայն ապրիլի 4-ին՝ 11 օր անց է Մասկը հայտարարել, որ իր մասնաբաժինը կազմում է ինը տոկոս: Դրանից հետո բաժնետոմսերի արժեքը կտրուկ բարձրացել է՝ 27 տոկոսով։
Կարգավորիչը վերլուծել է Մասկի գնումները և եզրակացրել, որ նա խնայել է ավելի քան 150 միլիոն դոլար՝ հետաձգելով պահանջվող ծանուցումը։ Միաժամանակ ֆինանսական վնասներ են կրել այս ընթացքում նրան իրենց բաժնետոմսերը վաճառած բաժնետերերը։ SEC-ը Մասկից պահանջում է վերադարձնել այդ գումարը, ինչպես նաև լրացուցիչ տուգանք վճարել։





























