ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչու 44-օրյա պատերազմի ժամանակ չի կիրառվել Հայաստանի զինանոցում եղած հզոր զենքը։
Հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում համապատասխան հարցին պատասխանելիս նախարար Պապիկյանը նշել է, որ պատերազմի ժամանակ նախարար չի եղել, հետևաբար չգիտի, թե որ ստորաբաժանումները չեն կիրառվել (ակնհայտ է, որ խոսքը «Իսկանդեր» հրթիռային համալիրի մասին է - խմբ.)։ Նախարարը ավելացրել է, որ հարցը կոնկրետություն չի պարունակում և որ ինքը չի լսել երրորդ նախագահի հայտարարությունն այս թեմայով, բայց պատրաստ է պատասխանել, եթե հարցը կոնկրետ ձևակերպվի։
Պապիկյանն արձանագրել է, որ պատերազմի հետևանքները տեսանելի են և զգալի բոլորի համար։ «Կարող ենք հայտարարել, որ մեր բանակն ամենաուժեղն է, բայց իրականությունը դրանից կփոխվի՞։ Ուզում եմ, որ ճշմարտությունը խոսենք։ Եթե բացթողումներ են եղել, թույլ ենք եղել դա ընդունելու համար։ Բայց այսօր ՀՀ կառավարությունը խոսում է ապագայի, իրական Հայաստանի և տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին», - հայտարարել է նախարարը։
Վարչապետի՝ բանակի ֆունկցիոնալության փոփոխության մասին խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, գերատեսչության ղեկավարը կտրականապես հերքել է այդ խոսքերից բխող՝ Սահմանադրությամբ նախատեսված գործառույթների հնարավոր կրճատման մասին եզրակացությունը ։ Խոսքը, ըստ նրա, այն մասին է, որ բանակը հոգատարության, արդիականացման, հնարավորությունների և գիտելիքների ավելացման կարիք ունի։
«Երբ խոսում ենք ֆունկցիոնալության փոփոխության մասին, խոսքը այն մասին չէ, որ բանակն ավելի քիչ մարտունակ է լինելու կամ չի պաշտպանելու սահմանները։ Ընդհակառակը, բանակը պետք է ի վիճակի լինի պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու սահմանները։ Մենք պարզապես ասում ենք, որ պատասխանատվությունը միայն բանակի վրա չէ», - պարզաբանել է Պապիկյանը։
Սահմանին զինվորներին հակառակորդի կրակոցներին չպատասխանելու որոշ հրամանների մասին հարցին պատասխանելով՝ նախարարը հավաստիացրել է, որ սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր ունի պարտականություններ և դրանք ոչ ոք չի չեղարկել։





























