2024 թվականին ընդունված ԶՈւ փոփոխությունների հայեցակարգը ներառում է բազմաթիվ ուղղություններ և բարեփոխումներ, որոնք իրականացվել են դեռևս մինչև փաստաթղթի հրապարակումը։ Այս մասին հունվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նշել է, որ փաստաթուղթը հանրային է և կարելի է ծանոթանալ դրա հետ։ Պապիկյանն առանձնացրել է մի քանի կարևոր ուղղություններ։
Նրա խոսքով, հայեցակարգում կրթությանը հատկացվում է կարևորագույն տեղերից մեկը։ Նոր մոտեցումների շնորհիվ Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի ունկնդիրները հնարավորություն են ստացել ուսումնառության ավարտից հետո բնակարան ստանալ Երևանում և բարձր աշխատավարձ, ինչպես նաև դրամական աջակցություն ունենալ ուսման ընթացքում։ Ընդ որում, բազային կրթաթոշակը եռակի ավել է, քան նախորդ տարիներին՝ առաջին կուրսում 15 հազար դրամից մինչև 35 հազար (ավիացիա) չորրորդ կուրսում։ Սակայն ընդհանուր առմամբ, կախված առաջադիմությունից, կարող է բազմակի ավելի լինել։ Նախարարի կարծիքով, սա լավ մոտիվացիա է ավելի լավ սովորելու համար։ «Արտերկրի ռազմական բուհերում ուսումնառությանը մեծ նշանակություն ենք տալիս։ Վերջին տարիներին ավելացել է մեր կուրսանտների թիվը Հունաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բուհերում։ Հույս ունենք, որ ավելի շատ երիտասարդներ իրենց ապագան կկապեն ռազմական ոլորտի հետ», - նշել է նախարարը։
Բանակի պրոֆեսիոնալիզմի բարձրացման առումով Պապիկյանը նշել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, երբ ժամկետային զինծառայողները կարող են 5 տարվա պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ, ստանալ նույն աշխատավարձը, ինչ կադրային զինվորականները, իսկ ավարտելուց հետո ստանալ 5 մլն դրամ և որոշել՝ շարունակել ծառայությունը, թե ոչ։ Նրանք նաև կարող են հեռակա սովորել։ Ծրագրից արդեն օգտվել են հազարավոր երիտասարդներ, սա հասարակության շրջանում շատ հանրաճանաչ ծրագիր է, հայտնել է նախարարը։
Նրա խոսքով, շատ աղջիկներ նույնպես որոշել են ծառայության անցնել, իսկ որոշները ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո շարունակել են ուսումը ռազմական բուհերում։ Բանակի մարտունակության բարձրացումը մեծապես կապված է ատեստավորման ծրագրի հետ, հայտարարել է Պապիկյանը։ Նախարարը նշել է, որ ծրագիրն իրեն արդարացրել է և ավելացրել, որ այն զինվորականներին թույլ է տալիս աշխատավարձն ավելացնել 123-ից մինչև 470 հազար դրամով։





























