Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարվել են, սակայն նրա պատիժը խստացվել է 3 ամսով՝ 1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում։
Քրեական դատարանների խոսնակ Լիաննա Ռաֆայելյանը NEWS.am-ին հայտնեց, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդութունը բավարարել է մասնակի եվ ազատազրկման ժամկետ սահմանել 1 տարի 8 ամիս, դատարանի դատավճռով Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված 6 ամիս 18 օր ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը վերացվել է:
«Հանցանքների համակցման կանոններով մասնակիորեն գումարելով՝ վերջնական պատիժ սահմանել 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկում: ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10 -ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ»,- հայտնեց նա:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։ Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։
Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։





























