Ամերիկացի գործարար Իլոն Մասկն օգնել է համոզել Թեհրանին հայրենիք վերադարձնել իտալացի լրագրող Չեչիլիա Սալային, որը ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին Իրանում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է New York Times (NYT) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Մասկը հարցը քննարկել է ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի հետ։
Սալան, որն Իրանում աշխատում էր լրագրողական վիզայով, ձերնակալվել էր 2024թ. դեկտեմբերի 19-ին՝ «իսլամական հանրապետության օրենքները խախտելու համար»։ Դեպքի մանրամասները չեն բացահայտվել, իսկ իշխանություններն ու իտալուհու հարազատները մամուլին խնդրել են պահպանել առավելագույն գաղտնիություն, քանի դեռ աշխատանքն իրականացվում է դիվանագիտական ուղիներով: Իտալական լրատվամիջոցները նշել են, որ լրագրողը ձերբակալվել է Միլանի Մալպենսա օդանավակայանում Միացյալ Նահանգների պահանջով իրանցի ինժեներ Մոհամադ Աբեդինիի ձերբակալությունից մի քանի օր անց։ Թեհրանը, սակայն, վստահեցրել է, որ «շանտաժի» եւ «փոխանակման փորձի» ակնարկ չկա, ինչպես ենթադրում էր իտալական մամուլը։
Հունվարի 8-ին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Չեչիլիա Սալան Թեհրանից մեկնել է հայրենիք։





























