Եթե խոսելու լինենք հավասարակշռված քաղաքականություն վարելու մասին, ապա Հայաստանը բոլոր հիմքերն ունի ստորագրելու ռազմավարական գործընկերության փաստաթուղթ նաեւ Իրանի հետ, որը ստորագրվել է ԱՄՆ-ի հետ՝ հաշվի առնելով Երեւանի եւ Թեհրանի ընդհանուր շահերը եւ ընդհանուր սպառնալիքները հանձին Ադրբեջանի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է իրանագետ Նվեր Դավթյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ավելի շատ պատճառներ ունի ռազմավարական բնույթի համագործակցություն հաստատելու Իրանի, քան ԱՄՆ-ի հետ։ Նա նշել է, որ փաստաթղթի ստորագրումը, որը ռազմավարական բնույթ է կրում, նշանակում է, որ կողմերն ունեն ընդհանուր շահեր եւ սպառնալիքներ։ «Հետաքրքիր կլիներ հասկանալ Հայաստանի եւ ԱՄՆ-ի ընդհանուր շահերն ու սպառնալիքները։ Անհասկանալի են նաեւ ահաբեկչության դեմ պայքարի թեմայի կետերը։ Ի՞նչ է հասկացվում «ահաբեկչական կազմակերպություն» եւ դրա դեմ պայքար ասելով»,- հարց է տվել Դավթյանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթում կան կետեր, որոնց իրականացման դեպքում Հայաստանը կարող է որոշ շահ ստանալ իր համար, բայց բոլոր կետերի լիարժեք իրականացումը կարող է ստեղծել խնդիրներ՝ հաշվի առնելով տարածաշրջանի իրավիճակը։
Իրանի պաշտոնական արձագանքի բացակայությունը համաձայնագի ստորագրմանը փորձագետը կապել է իսլամական հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի Ադրբեջան եւ Հայաստան կատարած այցերի հետ, որն այդ ընթացքում արդեն կարող էր իմանալ փաստաթղթի ստորագրման մասին։ «Այդ փաստաթղթի ստորագրումը ստեղծում է առաջին հիմքը այս կամ այն ուղղությամբ համագործակցության ակտիվացման համար, բայց առարկայորեն դրանց իրականացումը կախված է կողմերի քաղաքական առաջնահերթությունից։ Իրանում դա նույնպես հասկանում են։ Հայտնի չէ, թե որոնք են լինելու ԱՄՆ առաջնահերթությունները տարածաշրջանում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք եւ Հայաստանի դերը»,- ընդգծել է Դավթյանը։
Նրա խոսքով՝ փաստաթղթում կան դրույթներ, որոնց շուրջ կարելի է համագործակցություն հաստատել նաեւ Իրանի հետ, քանի որ դրանք կարող են ընդունելի լինել նաեւ Թեհրանի համար։ «Օրինակ, դա վերաբերում է տնտեսական ոլորտին»,- ամփոփել է նա։











