Նախորդ տարի ապրիլին մենք նաև հաստատեցինք կառավարության որոշմամբ բռնության ենթարկված երեխաների ուղղորդման կարգը։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին կառավարության նիստում նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը՝ Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի քննարկման ժամանակ:
« Այո, մեր հասարակության համար թերևս շատ ոչ ընկալելի իրավիճակ է լինում, երբ ստիպված համայնքը որոշում է կայացնում, օրինակ երեխային հեռացնել ընտանիքից՝ ծնողների անտեսման հիմքով։
Ինչ վերաբերում է այս բռնության ենթարկված զոհերի համակարգին, պիտի արձանագրենք, որ 2020 թվականից սկսած զրոյից այս համակարգը կառուցվել է: Եթե մենք իրազեկվածության առումով ուսումնասիրությունները նայում ենք, դիմելիության ցուցանիշը շատ է բարձրացել, և ապաստարան դիմելու, և բոլոր մարզերում գործող կանանց աջակցման կենտրոններին դիմելու: Սա նշանակում է, որ այդ կանխարգելիչ պաշտպանական միջոցառումները տեղին են:
Կարծում եմ ՆԳՆ-ի ոստիկանությանը ուրախացնում է այն հանգամանքը, որ մենք հարևանների կողմից ենք սկսել ստանալ ահազանգեր։ Օրինակ, այս շենքում երեխայի ձայն է պարբերաբար լսվում երեկոյան ժամերին։ Մենք նախորդիվ մեր հասարակության կողմից նման արձանագրումներ երբեք տեղի չէին ունենում, սա շատ կարևոր է»,-ասաց նա:
Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց. «Որովհետև մտածում էին՝ դե իր երեխան է, ինչ ուզում է՝ անում է, ուզում է՝ ծեծում է: Կամ իր կինն է, ինչ ուզում է՝ անում է, ծեծում է: Այո, կարող են լինել դեպքեր նաեւ, որ տղամարդիկ են ընտանեկան բռնության զոհ, բայց ընդհանուր ընկալումը այն է և ակնհայտ է նաև, որ 90 տոկոսով երեխաներն ու կանայք են հիմնականում բռնության զոհը։
Ես օրինակ այսպես եմ մտածում, որ եթե մեզնից որևէ մեկը հասել է նրան, որ պետք է սեփական երեխային ապտակի կամ բռնություն գործադրի, դա ընդամենը արձանագրում է, որ մենք նախկինում ինչ-որ բան սխալ ենք արել: Հետևաբար երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չի, պետք է սեփական գլուխը պատերով տալ և ոչ թե երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, որը հաստատ ոչ մի լավ բանի չի բերելու։
Սա պարզ կրթության և քաղաքակրթության հարց է և հարաբերությունների և հանրության առողջ լինելու հարց է»,- ընդգծեց նա:





























