Բանակում շատ խնդիրներ ծագում են այն միջավայրի պատճառով, որը հանգեցնում է ինքնասպանությունների եւ այլ բացասական երեւույթների՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 16-ին ասել է Հայաստանի Մարդու իավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Այո, անհրաժեշտ է խոսել քաղաքացիների պարտականությունների մասին, բայց միանշանակ պետք է խոսել պետության պարտականությունների մասին, որպեսզի բացառվեն նման դեպքերը։ Գուցե այս ուղղությամբ զարգացում կա, բայց շատ լուրջ թերություններ մնացել են, եւ այս ուղղությամբ պետք է աշխատել։
Այն, որ քաղաքացիները խուսափում են զինվորական ծառայությունից, հաճախ պայմանավորված է այն բարքերով, որոնք տիրում են ԶՈւ-ում։ Ուստի պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի բանակում բացառվեն ոչ կանոնադրական հարաբերությունները, ինքնասպանությունները եւ միմյանց նկատմամբ զինվորականների վատ վերաբերմունքի ցանկացած դրսեւորում»,- ավելացրել է օմբուդսմենը։











