Անցյալ տարի այս հարցով դիմել եմ իրավապահներին, եւ տեղեկացել եմ, որ այս տեղեկությունը հետաքննական գաղտնիք է պարունակում, ուստի դրա հրապարակման սահմանափակումներ կան։ Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ ոստիկանությունը 2024թ. հունիսին բողոքի ակցիայի մասնակիցների դեմ կիրառել է «Զարյա 3» լուսաձայնային նռնակներ։
«Սակայն ես կարեւոր եմ համարում, որ իրավապահ մարմինները պետք է հրապարակեն այս տեղեկատվությունը», - ավելացրել է նա:
Մանասյանը տեղեկացրել է այս հարցի շուրջ քննարկումները վերսկսելու մտադրության մասին՝ խոստանալով նոր տեղեկություններ ստանալու դեպքում դրանք ներկայացնել հանրությանը։
Նա չի կարողացել պատասխանել այն հարցին թե կարելի էր արդյոք կիրառել «Զարյա 3»։
«Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»,- նշել է օմբուդսմենը։
Հիշեցնենք, որ 2024թ. հունիսի 12-ին ոստիկանությունը «Հանուն հայրենիքի» շարժման աջակիցների խաղաղ ցույցի մասնակիցների դեմ կիրառել է, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, «Զարյա 3» լուսաձայնային նռնակներ։ Տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրատվամիջոցների աշխատակիցներ, մարմնական վնասվածքներ են ստացել։











