Հունվարի 9-ին «Արմավիր» ՔԿՀ-ում արտառոց դեպք է տեղի ունեցել․ կալանավորը ածելիով վնասվածքներ է հասցրել բանտի ծառայողներից երկուսին։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին արդարադատության նախարարությունից:

Նշենք, որ այդ օրը, ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ռ․Պ․-ն դատական նիստի տեղափոխվելու նպատակով քրեակատարողական ծառայողների կողմից ուղեկցվել է հիմնարկի համապատասխան տեղամաս, որտեղ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին՝ իր մոտ թաքցված ածելու սայրով վնասվածքներ պատճառելով ծառայողներից երկուսի դեմքի հատվածում։

Կալանավորված անձը սահմանված կարգով վնասազերծվել է։ Վնասվածքներ ստացած ծառայողներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։