Ակնհայտ է, որ արդեն մոտ մեկ ու կես տարի է՝ և Ռոբեն Վարդանյանի, և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի ձերբակալումից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվում են ապօրինությունները, սկսած նրանից, որ այն մեղադրանքները, որոնք առաջադրվել էին, իրականության հետ որևէ աղերս չունեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Վերջին շաբաթներին որոշակի մեղադրանքներ նաև ավելացան, ընդհանրապես, որոնք ֆանտաստիկայի ժանրից են՝ կապված 90-ականների պատերազմի հետ: Նաև ընթացքում պարբերաբար որևէ պատշաճ հնարավորություն չէր տրվել և Ռուբեն Վարդանյանին, և մնացած գերիներին՝ ծանոթանալ նյութերին, փաստաբաններ ներգրավել: Ակնհայտ է, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը բազմիցս ցույց է տվել իր վերաբերմունքը ոչ միայն հայ ռազմագերիների, այլ ընդհանրապես Ադրբեջանը, որպես պետություն, թե ինչպես է պաշտպանում մարդու իրավունքները: Հետևաբար ինչքան էլ որ ցավալի է, սակայն անակնկալ չէ այսպիսի վերաբերմունքը Բաքվի իշխանությունների կողմից»,-ասաց նա:
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի նկատմամբ բավքի առանձնահատում ագրեսիվ կեցվածքին, Առաքելյանն ասաց. «Ռուբեն Վարդանյանի գործունեությունը 2022 թվականին, երբ գնաց Արցախ, հենց առաջին պահից Ադրբեջանի իշխանությունների կողմից բավականին մեծ ագրեսիայով ընդունվեց, որի մասին տարբեր միջազգային ատյաններում Ադրբեջանը խոսում էր: Այդ վերաբերմունքը ընդհանրապես Արցախի և Արցախի հետ կապված ցանկացած իրադարձության էր վերաբերվում։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ Արցախի ռազմական ղեկավարության նկատմամբ, բացի Ռուբեն Վարդանյանից, ընդհանուր մեկ գործ է ձևակերպված, որտեղ բավականին մեծ բաժին են կազմում 90-ականների իրադարձությունները: Սրանով Ադրբեջանը փորձում է ցույց տալ իր վերաբերմունքը Հայաստանին, որ 90-ականների ոչ թե ռազմական գործողություններ են եղել, այլ տեղի են ունեցել հանցագործություններ:
Այստեղ ցավալի է, որ այդ մեղադրանքների պատասխանը Հայաստանի իշխանությունների կողմից չի հնչում, որովհետև սրանք ոչ թե անձերի նկատմամբ են, այլ դրանք մեղադրանքներ են որպես երևույթ, որ Արցախում 90-ականներից սկսած տեղի են ունեցել հանցագործություններ: Սրանք ոչ թե այս անձանց են վերաբերվում, այլ հենց երևույթին»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի լռությունը առաջին հերթին ոչ թե վնասում է Արցախում գտնվող մեր հայրենակիցներին, այլ Հայաստանին, Հայաստանի պետականությանը։
Հարցին՝ հնարավոր համարում է, որ ՀՀ իշխանությունները պարզապես չեն ցանկանում Արցախի ռազմական և քաղաքական գործիչներին տեսնել Հայաստանում, նա պատասխանեց. «Ցանկալի չէ մտածել, որ այդ մակարդակի է իրենց վերաբերմունքը, բայց ցավոք գործողությունները խոսում են նրա մասին, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շատ թույլ շանս են տալիս Արցախի ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարության, այլեւ բոլոր ռազմագերիների ազատ արձակման համար: Այդ ուղղությամբ զրո վերաբերմունք է դրսեւորվում»:
Նշենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի դատավարությունը։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։











