Հունվարի 16-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ 49-ամյա Յուրի Ու.-ի նկատմամբ. հաղորդում է Shamshyan.com-ը:
Դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը բավարարեց է քննիչի միջնորդությունը և Յուրի Ու.-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Կայքի տեղեկություններով՝ դեռ մեկ օր առաջ մեկ այլ քրեական գործի շրջանակում Արաբկիրի քննիչը դիմել էր դատարան, սակայն դատարանը Յուրի Ու.-ին ազատ էր արձակել, որից հետո իրավապահները նրա մոտ դարձյալ կասկածելի թմրամիջոց էին հայտնաբերել, ինչից հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և դատարանը բավարարել է միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Ու․-ն իր մոտ պահում է թմրամիջոց, զենք և այլ կասկածելի իրեր։
Տեղում Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել էին, թե որտեղ է գտնվում նա ու Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում ապօրինի զենք, զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել էին նրան ու տեղափոխել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Նրա մոտ հայտնաբերվել էր «մակարով» տեսակի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 5 փամփուշտով։
Հայտնաբերվել էին մի քանի հատ պոլիէթիլենային զիպ փականով փաթեթներ, որոնցում առկա էր եղել «կրիստալ» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։
Հայտնաբերվել էր նաև այլ տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված՝ ընդհանուր 12․17 գրամ քաշով։
Կայքի տեղեկություններով՝ Յուրի Ու․-ն իր շրջապատում հայտնի է «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված:





























