Մեզ համար Ադրբեջանը ոչ միայն լավ բարեկամ է, այլև շատ կարևոր ռազմավարական գործընկեր։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո․ հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Մեզ համար այս ռազմավարական գործընկերության հետագա խորացումը առաջնահերթություն է», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունների ժամանակ։
«Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը առանձնահատուկ նշանակություն ունեն։ Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր պատրաստակամությունը առավելագույն ներդրում ունենալու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ այնքանով, որքանով դա մեր ուժերի սահմաններում է»,- նշել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության տնտեսական հարթությունը մեծ նշանակություն ունի։
«Այն ծրագրերը, որոնք իրականացվում են մեր երկու երկրների մասնակցությամբ, ռազմավարական նշանակություն ունեն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով։ Շատ կարևոր է ապագայում նման նախագծերի հետագա զարգացումը և նորերի նախաձեռնումը»,- ասել է Կոբախիձեն:





























