Եվրահանձնաժողովն ընդլայնում է Իլոն Մասկի X առցանց հարթակի նկատմամբ հետաքննությունը և պահանջում է ներկայացնել ալգորիթմների աշխատանքին վերաբերող ներքին փաստաթղթեր, հաղորդում է Bild-ը։

Թվային տեխնոլոգիաների եվրահանձնակատար Հեննա Վիրկունենը ընկերությունից պահանջել է տրամադրել լրացուցիչ տեղեկություններ հարթակի ալգորիթմների վերաբերյալ, ներառյալ օգտատերերի համար առաջարկությունների համակարգերը։ Դրա համար սահմանվել է վերջնաժամկետ՝ փետրվարի 15-ը։

«Հանձնաժողովը լրացուցիչ քայլեր է ձեռնարկում՝ ստուգելու X հարթակի առաջարկությունների համակարգերի առնչությամբ Թվային ծառայությունների մասին օրենքով (Digital Service Act, DSA) սահմանված պարտավորությունների կատարումը», - հայտարարել է Վիրկունենը։

Եվրոպական օրենսդրությունը պարտավորեցնում է առցանց հարթակներին, մասնավորապես, պայքարել ապատեղեկատվության, ատելության խոսքի և քարոզչության դեմ։ X-ի դեպքում կասկած կա, որ այս հարթակի օգտատերերին ավելի հաճախ են ցույց տրվում աջ պոպուլիստական նյութեր, քան մյուսները։

Եվրահանձնաժողովը ճնշման տակ է հայտնվել X-ի դեմ հետաքննությունը խստացնելու կոչերի կապակցությամբ այն բանից հետո, երբ Մասկը՝ հանդես գալով որպես ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, միջամտել է Գերմանիայում նախընտրական քարոզարշավին և աջակցություն է հայտնել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննադատել է սա՝ որպես «բացարձակ անթույլատրելի» վարքագիծ։ Եվրոպական խորհրդարանը նույնպես պահանջում է խստացնել մոտեցումը։ Երեքշաբթի օրը Ստրասբուրգում կանցկացվի լիագումար քննարկում այս թեմայով՝ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ օր հետո։

Օրենսդրության պահանջների խախտման կասկածների պատճառով ԵՄ-ում X-ի դեմ արդեն մի քանի հետաքննություն է ընթանում։ Մասնավորապես, Բրյուսելը հարթակին մեղադրում է նրանում, որ վերջինս վճարովի հաշիվների համար սպիտակ-երկնագույն նշանի միջոցով մոլորության մեջ է գցում դրանց իսկության և հավաստիության վերաբերյալ։ Նաև միշտ չէ, որ պարզ է, թե ով է կանգնած տեղադրված գովազդի հետևում։

X հարթակին սպառնում են լուրջ տուգանքներ։ Եթե խախտումներն ապացուցվեն, հանձնաժողովը կարող է տուգանք սահմանել ընկերության համաշխարհային տարեկան շրջանառության մինչև վեց տոկոսի չափով։