Ռուսական զորքերը հունվարի 18-ի առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիեւին։ Հարձակման հետեւանքով հրդեհներ են բռնկվել, կան զոհեր, հայտնել է «РБК-Ուկրաինան»՝ հղում կատարելով Կիեւի քաղաքային պետական վարչության ղեկավար Թիմուր Տկաչենկոյի եւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի թելեգրամ-ալիքներին։
Ուկրաինայի մայրաքաղաքում օդային տագնապ հայտարարվել է տեղի ժամանակով ժամը 05:50-ին։ Ազդանշանից առաջ եւ հետո մի շարք պայթյուններ են լսվել։ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերն այդ ժամանակ հայտնել են, որ տագնապ հայտարարված տարածքներում բալիստիկ զենքի կիրառման վտանգ կա։
Մի քանի րոպե անց տեղի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Կիեւում գործում է հակաօդային պաշտպանությունը։ Վերջին պայթյուններից հետո լրատվամիջոցները գրել են, որ մայրաքաղաքի որոշ շրջաններում ջուրն անհետացել է։
Կլիչկոն տեղի ժամանակով ժամը 06:04-ի դրությամբ գրել է, որ Շեւչենկոյի թաղամասում այրվում է ոչ բնակելի շենք։ Դեպքի վայր են մեկնել բոլոր ստորաբաժանումները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ առնվազն երեք մարդ արդեն մահացել է։
«Նաեւ Շեւչենկոյի թաղամասում կոտրվել են ապակիներ, ծուխ կա բնակելի շենքի մուտքում։ Վնասվել են նաեւ մետրոյի «Լուկյանովսկայա» կայարանի մուտքի ապակիները։ Այժմ այն փակ է։ Գնացքները շարժվում են առանց կանգառի»,- հայտնել է Կլիչկոն։
Նա ավելացրել է, որ վնասվել է նաեւ Շեւչենկոյի շրջանի ջրամատակարարումը։
Տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ի սահմաններում ռուսական զորքերը գրոհային անօդաչու սարքերով հարձակվել են Կիեւի եւ Կիեւի շրջանի վրա։ Այս պահին պայթյուններ են լսվում ինչպես Ուկրաինայի մայրաքաղաքում, այնպես էլ տարածաշրջանում, հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են հակառակորդի թիրախները, գրել են ուկրաինական լրատվամիջոցները։
Որոշ ժամանակ անց տագնապը չեղարկվել է։ Սակայն շուտով կրկին տագնապ է հնչել, որն այս անգամ հայտարարվել է բալիստիկ զենքի կիրառման սպառնալիքի հետ կապված։





























