2024թ. հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն երեք անգամ շնորհավորել է «Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։
«Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, որը դուք ներկայացնում եք ընտրություններում, եւ մաղթում նորանոր հաջողություններ ձեզ եւ ձեր ամբողջ թիմին», - հունվարի 17-ին ասել է Ալիեւը Բաքվում, Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ձեր կուսակցության հաղթանակը առանձնակի նշանակություն ունի, որպեսզի Հարավային Կովկասն այսուհետ դառնա կայուն տարածաշրջան, եւ մենք ուրախ ենք այս հաղթանակի համար՝ որպես ձեր ընկերներ եւ եղբայրներ»,- ավելացրել է նա։
Ադրբեջան այցը Կոբախիձեի առաջին օտարերկրյա այցն է ընտրություններից հետո, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
Ալիեւը նշել է, որ վերջին 10 ամիսների ընթացքում Վրաստանի վարչապետը երեք անգամ այցելել է Բաքու, սակայն ներկա այցը «առանձնահատուկ նշանակություն ունի»։ Կոբախիձեն, իր հերթին, համոզված է, որ Ալիեւի հետ վերջին հանդիպումը «ուղի կհարթի Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հետագա ամրապնդման եւ ընդհանուր նպատակներին հասնելու համար»։
Ալիեւը նախ շնորհավորել է «Վրացական երազանքին» հոկտեմբերի 27-ին տարած հաղթանակի կապակցությամբ՝ ասելով, որ «քվեարկությամբ Վրաստանի քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել զարգացմանը, կայունությանը եւ ավանդական արժեքներին»։
Նոյեմբերին նա կրկին շնորհավորել է Կոբախիձեին, այս անգամ անձամբ, Բաքվում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի շրջանակում։
Ադրբեջանի նախագահը նաեւ այն սակավաթիվ համաշխարհային առաջնորդներից է, որը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ խորհրդարանում քվեարկության ավարտից մի քանի ժամ անց, որը բոյկոտել էր ընդդիմությունը։ Ալիեւից բացի Կավելաշվիլուն շնորհավորել են Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի, Հունգարիայի, Թուրքիայի եւ Չինաստանի ղեկավարները։
Բացի այդ, Կոբախիձեն բազմիցս շնորհավորանքներ է ստացել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովից։
«Ազատություն» ռադիոն նշել է, որ պաշտոնական Բաքվի եւ Թբիլիսիի հռետորաբանությունը ավելի ու ավելի է նման քննադատություն հնչեցնում Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ, Եվրամիության եւ Ֆրանսիայի հասցեին: Հատկանշական էր Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորաշվիլու եւ նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հունվարի 16-ի մամուլի ասուլիսը։ Բայրամովն իր ելույթի զգալի մասը նվիրել է «ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի» վրա հարձակումներին եւ «USAID-ի գործունեությունն Ադրբեջանում ամբողջովին դադարեցնելու» կոչին։
Սակայն Վրաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները մի շարք հարցերի էապես տարբերվում են, մասնավորապես Ռուսաստանի մասով, ընդգծել են վրացական լրատվամիջոցները։
Եթե Բաքուն ակտիվորեն համագործակցում է Մոսկվայի հետ՝ պահպանելով էներգետիկ գործընկերությունը Եվրոպայի հետ, Թբիլիսին, ընդհակառակը, դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ, թեեւ վերջերս իշխող «Վրացական երազանքն» ավելի ու ավելի է դիմել այն հռետորաբանությանը, որը քննադատներն անվանում են «կրեմլամետ»։
Երկու երկրների միջեւ համագործակցությունը շատ ավելին է, քան քաղաքական հայտարարությունները:
Վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես մտնում է Վրաստանի խոշոր առեւտրային գործընկերների հնգյակում՝ նրա տնտեսությունում ներդրելով 3,6 մլրդ դոլար։ Վրաստանով տարանցմամբ Ադրբեջանը իր գազն արտահանում է 11 երկիր, իսկ Վրաստանը իր սպառած բնական գազի ավելի քան 80 տոկոսը ստանում է Ադրբեջանից։
Էներգետիկայից բացի Թբիլիսին եւ Բաքուն համատեղ մշակում են տրանսպորտային խոշոր նախագծեր։ Երկու պետություններն էլ առանցքային դեր ունեն Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) զարգացման գործում, որը կապում է Չինաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Եվրոպան։ Այս երթուղին ավելի տարածված է դառնում կոնտեյներային տրանսպորտի համար՝ օգտագործելով Ասիայի եւ Եվրոպայի միջեւ երկաթուղային եւ ծովային կապերը:





























