TikTok վիդեոհարթակը հաստատել է, որ նախատեսում է դադարեցնել ծառայությունները կիրակի օրը, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը եւ արդարադատության նախարարությունը հստակություն չմտցնեն արգելքի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի այդ օրը։

«Սպիտակ տան եւ արդարադատության նախարարության այսօր արած հայտարարությունները չեն կարողացել անհրաժեշտ հստակություն մտցնել եւ երաշխիքներ տրամադրել ծառայություններ մատուցողներին, որոնք ավելի քան 170 մլն ամերիկացիների համար TikTok-ի հասանելիության անքակտելի մասն են»,- նշվել է ընկերության Х սոցցանցում հրապարակված հայտարարությունում:

«Եթե Բայդենի վարչակազմն անհապաղ վերջնական հայտարարություն չանի, որպեսզի բավարարի առավել կարեւոր ծառայություններ մատուցողներին՝ երաշխավորելով հարկադրանքի բացակայությունը, ցավոք, TikTok-ը ստիպված կլինի հեռանալ հունվարի 19-ին»,- նշվել է հաղորդագրությունում:

Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որով TikTok-ը պետք է դուրս գա չինական ByteDance ընկերությունից եւ վաճառվի ամերիկյան ընկերությանը, հակառակ դեպքում այն կփակվի:

ԱՄՆ Կոնգրեսն անցած տարի ընդունել է այս օրենքը երկկուսակցական աջակցությամբ: Կողմ քվեարկածներից շատերը նշել են, որ մտահոգություն ունեն տվյալների եւ ազգային անվտանգության վերաբերյալ Չինաստանի մասնակցությամբ հավելվածի աշխատանքի առումով։ TikTok-ը պատկանում է ByteDance-ին, որը տեղակայված է Չինաստանում:

Այս շաբաթ որոշ ԱՄՆ օրենսդիրներ առաջարկել են հետաձգել արգելքը՝ հավելվածին ավելի շատ ժամանակ տալու համար ամերիկացի գնորդ գտնելու նպատակով: Ուրբաթ օրը Գերագույն դատարանն աջակցել է օրենքին։