Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ թեզերով լրիվ համընկնում է Դանցիգի միջանցքի մասին Հիտլերի հայտարարությանը, NEWS.am-ի «Ուժի գործոն» ծրագրի եթերում ասել է արեւելագետ,  Մերձավոր Արեւելքի գծով մասնագետ Կարինե Գեւորգյանը։

«Ես համեմատել եմ Իլհամ Ալիեւի ելույթի տեքստն այն խնդիրների վերաբերյալ, որոնք կապված են, ինչպես Ալիեւն է կարծում, Հայաստանի հետ Ադրբեջանի ունեցած խնդիրների եւ հայկական իշխանությունների քաղաքականության հետ, պետք է ասել, վաղեմի այն տեքստի հետ, որով հանդես է եկել Ադոլֆ Հիտլերը Ռեյխսթագում Դանցիգի միջանցքի բացման վերաբերյալ։ Դրանք բառացիորեն ամբողջովին չեն համընկնում, բայց սկզբունքորեն, թեզիսներով, լիովին համընկնում են»,- նշել է փորձագետը։

Կարինե Գեւորգյանն ընդգծել է, որ Ալիեւը, որպես «կիրթ» եւ «իսկապես լավ բուհ» ավարտած մարդ, հավանաբար, չէր կարող չիմանալ այդ ելույթի մասին, եւ, գուցե, անգամ իր ելույթը կազմել է այդ շաբլոնով։

Արեւելագետը նաեւ մեկնաբանել է այդ ֆոնին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը, որը, նրա կարծիքով, այս անհանգիստ եւ նյարդային իրադրությունում մի ինչ-որ սառեցման է հանգեցրել։

Արեւելագետի խոսքով՝ այդ իրադարձությունից հետո փոխվել է ադրբեջանցիների տոնը, համենայն դեպս, ռուսալեզու լրատվամիջոցներում։

Փորձագետի կարծիքով՝ Խարտիայի տեքստը համաձայնեցվել է իշխանության եկող Թրամփի վարչակազմի հետ, եւ արդարացի չէ այդ փաստաթուղթն այնպես մեկնաբանելը, թե «Հայաստանը նստում է հեռացող, ընդ որում՝ դեպի ոչ մի տեղ գնացող գնացքի վերջին վագոնում»։