ԱՄՆ-Մեքսիկա սահմանին հայտնաբերված գաղտնի թունելը, որը միացնում է Սյուդադ Խուարեսը Տեխասի Էլ Պասո քաղաքին, կփակվի Մեքսիկայի իշխանությունների կողմից, շաբաթ օրը հայտնել է բանակի պաշտոնյան՝ հավելելով, որ դրա կառուցման վերաբերյալ հետաքննություն է ընթանում, հաղորդում է AFP-ն։
ԱՄՆ-ի և Մեքսիկայի անվտանգության ծառայությունների կողմից հունվարի 10-ին հայտնաբերված թունելը մեքսիկական կողմից մոտ 300 մետր երկարություն ունի և սարքավորված է լուսավորությամբ, օդափոխությամբ և ամրացված է փլուզումները կանխելու համար:
Ըստ գեներալ Խոսե Լեմուսի՝ Սյուդադ Խուարեսի ռազմական կայազորի հրամանատարի, որը հսկում է թունելը, այն թաքնված է հեղեղների ջրահեռացման համակարգում, որը կապում է երկու քաղաքները և ունի մոտ 1,8 մետր բարձրություն և 1,2 մետր լայնություն, ինչը հեշտացնում է մարդկանց կամ մաքսանենգ ապրանքների անցումը։
«Թունելի կառուցումն, ըստ երևեւյթին, երկար է տևել... այն կարող էր տևել մեկ կամ երկու տարի», - ասել է Լեմուսը լրագրողներին՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել այն մասին, թե որքան ժամանակ է այն շահագործվել կամ ով կարող էր այն կառուցել կամ օգտագործել:
Նա ասել է, որ Մեքսիկայի գլխավոր դատախազությունը պատասխանատու է հետաքննության համար և պատասխան է տալու այն հարցին, թե արդյո՞ք իշխանությունները մեղսակից են եղել, թե այն կառուցվել է առանց նրանց իմացության:
Լեմուսն ասել է նաև, որ թունելի գոյության և գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը քննարկվել է մարդկանց առևտրով զբաղվողների կողմից սոցիալական ցանցերում, ինչպիսին TikTok-ն է:





























