Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գոհ է վարորդական իրավունքի ստացման ընթացակարգում կատարված փոփոխություններից: Իր կարծիքը նախարարն արտահայտել է դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ նորարարությունները գործում են ընթացիկ տարվա կեսերից: Նախկինում վարորդական իրավունք ստանալու համար հարկավոր էր ավտոդպրոցում պարտադիր հատուկ ուսում ստանալ, նյարդաբանական դիսպանսերից, պոլիկլինիկայից տեղեկանքներ վերցնել: Այս բոլոր փաստաթղթերը ստանալն արժենում էր շուրջ 40 հազար դրամ` կախված պոլիկլինիկայի գներից եւ վարորդական իրավունքի տեսակից: Իսկ անօրինական ճանապարհով ձեռք բերելու դեպքում` ավելի թանկ: Այդ ամենի հետ մեկտեղ, քննությունը կարելի էր հեշտությամբ «գնել»: Փոփոխությունների շնորհիվ այլեւս ավտոդպրոցի վկայականը հարկավոր չէ, այնինչ քննությունը «գնելը» շատ ավելի բարդ է դարձել:
«Մենք հետազոտություն ենք անցկացրել եւ պարզվել է, որ Հայաստանում 70 ավտոդպրոց կա, որոնցից 50-ը ավտոմոքենաներ չունեն», - նշել է Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով` նյարդաբանական դիսպանսերում շուրջ 3 հազար մարդ է գրանցված: «Բայց անցած տարի 65 հազար մարդ տեղեկանք է ստացել, ինչը այնտեղ չի երեւում: Ի՞նչն է խանգարում ոստիկանությանը` ունենալ այդ ցուցակը եւ տեղում ստուգել»,- հարցրել է նախարարը` նշելով, որ պոլիկլինիկաները դեռեւս ոչ ոքի չեն մերժել տեղեկանք տրամադրելիս:




























