ԱՄՆ նորընտիր նախագահը հակիրճ գրառում է կատարել իր «Truth Social» էջում՝ կոչ անելով «փրկել TikTok-ը»։

Ավելի վաղ NBC News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նորընտիր նախագահն ասել էր, որ դիտարկում է չինական TikTok տեսահավելվածի արգելքը 90 օրով հետաձգելու հարցը։

Շաբաթ օրը TikTok տեսահարթակն անհասանելի էր Միացյալ Նահանգների օգտատերերի համար, քանի որ պաշտոնապես ուժի մեջ է մտել հանրահայտ սոցիալական մեդիա հարթակի արգելքը:

Հավելվածը հեռացվել է նաև ԱՄՆ-ի Apple և Google հավելվածների խանութներից՝ անհասանելի դարձնելով այն ներբեռնման համար:

TikTok-ն ունի 170 միլիոն օգտատեր ԱՄՆ-ում։

Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած  օրենքը պահանջում էր TikTok-ի չինական ByteDance մայր ընկերությանը վաճառել TikTok-ը ոչ չինացի սեփականատիրոջը, հակառակ դեպքում սպառնալով արգելել այն:

Գերագույն դատարանն ուրբաթ օրը հաստատել է օրենքը՝ ճանապարհ հարթելով ԱՄՆ-ում հավելվածի փակման համար։