Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի Ինին քաղաքի իշխանությունները, որտեղ մեծ թվով մահմեդականներ են բնակվում, ազգային փոքրամասնություններին արգելել են փարաջա, արաբական հագուստ կրել եւ մորուք պահել:

«Մեծ դարաշրջան» կայքի հաղորդմամբ` որոշումը հայտնվել է Ինին քաղաքի քաղաքապետարանի կայքում, բայց դժգոհությունների ալիք բարձրանալուց հետո  կայքից անհետացել է:

Քաղաքապետարանի հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունները ցանկանում են «նվազեցնել կրոնական գիտակցությունը եւ ձգտում են քաղաքակիրթ, առողջ հասարակություն ձեւավորել»: Որոշման մեջ նաեւ նշվում է, որ տեղի «Կայունության պահպանման կենտրոնը» մտադիր է  հատուկ «վերադաստիարակման դասարան» կազմակերպել, որտեղ կհաճախեն որոշ քաղաքացիներ: Ընդ որում` «չափազանց համառներին» կուղարկեն Հասարակական անվտանգության վարչություն եւ դատական մարմիններ: 

Մասնավորապես, ազգային փոքրամասնություններին, որոնք այդ շրջանում հիմնականում ույգուրներն են, արգելվել է փարաջա, արաբական հագուստ կրելը եւ մորուք պահելը:

Քաղաքապետարանի որոշման իրագործման նպատակով հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանների իրավիճակի գնահատմամբ է զբաղվում: Ստուգումները միայն բնակչության շրջանում չեն անցկացվում, ստուգում են նաեւ հագուստի խանութները եւ կարի ֆաբրիկաները: