Կարճ տեսանյութերի ստեղծման եւ դիտման TikTok ծառայությունը վերադառնում է Միացյալ Նահանգներ, ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում իր կողմնակիցների հանրահավաքում եւ ավելացրել, որ Միացյալ Նահանգները կստանա ակտիվների կեսը։

«TikTok-ը այսօրվա դրությամբ վերադարձել է», - ասել է Թրամփը:- Ես նրանց ասացի, որ հավանություն կտամ [ԱՄՆ-ում գործող ծառայությանը], բայց դուք TikTok-ի 50 տոկոսը տալիս եք ԱՄՆ-ին։ Այսպես նրանք կունենան գործընկեր ԱՄՆ-ում, շատ մարդիկ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել, եւ Միացյալ Նահանգները կունենա համատեղ ձեռնարկություն՝ առանց որեւէ ռիսկի»:

Ինչպես պարզաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահը, Միացյալ Նահանգները ներդրումներ չի կատարի համատեղ ձեռնարկությունում։ «Մենք միայն նրանց թույլտվություն կտանք, առանց որի նրանք ոչինչ չեն ունենա», - ասել է Թրամփը։

Կիրակի երեկոյան ծառայությունն ամբողջությամբ դադարեցրել էր իր գործունեությունը ԱՄՆ-ում, TikTok-ն անհետացել է Apple հավելվածների խանութից։ Կիրակի առավոտյան Թրամփը հայտնել է, որ իր երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, հրաման կարձակի երկրում TikTok-ի արգելքը հետաձգելու մասին։ Նա նաեւ խնդրել է տեխնոլոգիական ընկերություններին պահպանել ծառայությունը եւ ասել, որ փաստաթուղթը կհաստատի, որ ոչ մի ընկերություն պատասխանատվություն չի կրի TikTok-ի գործարկման համար մինչեւ հրամանագրի հրապարակումը: Արգելքի դրույթների համաձայն՝ արդարադատության նախարարությունն իրավունք ունի յուրաքանչյուր օգտատիրոջ համար նրանցից գանձել մինչեւ 5 հազար դոլար տուգանք։ Միացյալ Նահանգներում հարթակն ունի 170 մլն օգտատեր: