Բելգրադի մերձակայքում գտնվող Բարաեւո շրջանում գտնվող ծերանոցում բռնկված հրդեհի հետեւանքով ութ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Սերբիայի աշխատանքի, սոցիալական պաշտպանության եւ վետերանների գործերի նախարար Նեմանյա Ստարովիչը։
«Ցավոք, հրդեհի հետեւանքով զոհվել է ութ մարդ։ Նշեմ, որ արտակարգ իրավիճակների բաժնի աշխատակիցները շատ արագ են գործել եւ փրկել, փաստացի տարհանել են 13 մարդու։ Առաջին հերթին ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին»,- Ստարովիչի խոսքը մեջբերել է Blic թերթը։
Սերբիայի ՆԳՆ արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավարի պաշտոնակատար Լուկա Կաուշիչը ավելի վաղ հայտարարել էր, որ ժամը 03:32-ին (Մոսկվայի ժամանակով 05:32-ին) հրդեհի ժամանակ վեց մարդ զոհվել է, եւս յոթը՝ վիրավորվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 13 հոգու հաջողվել է փրկել, չորս հոգի տեղափոխվել է Ռազմաբժշկական ակադեմիա։
Պարբերականի տեղեկացմամբ՝ քրեական ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել, քանի որ կասկածներ կան, որ խոսքը հրկիզման մասին է։ Դիտարկվում է վարկած, ըստ որի՝ հրդեհը բռնկվել է ծերանոցի սենյակներից մեկում ներքնակը հրկիզած անձի կողմից։ Նա հոգեկան խնդիրներով հիվանդ էր եւ մահացել հրդեհից։





























