Իրանն ուկրաինական կողմի հետ բանակցություններում հերքել է մեղադրանքները, թե Թեհրանը մասնակցում է ուկրաինական հակամարտությանը։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Երբ պնդումներ հայտնվեցին Ուկրաինայի հակամարտությունում Իրանի դերի մասին, մենք դա քննարկեցինք ինչպես Ուկրաինայի, այնպես էլ նրանց հետ, ովքեր նման մեղադրանքներ էին հնչեցնում։ Մենք բազմիցս կրկնել ենք մեր դիրքորոշումը եվրոպական երկրների հետ բանակցություններում։ Մենք համոզված ենք, որ այլ երկրների ներգրավումն ուկրաինական հակամարտությանը ապակառուցողական քայլ է։ Եթե լիներ որեւէ փաստաթուղթ կամ ապացույց [ուկրաինական հակամարտությանը Իրանի մասնակցության մասին], մենք պատրաստ կլինեինք քննարկել դրանք»,- ասել է դիվանագետը ամենշաբաթյա ճեպազրույցում։ Բաղային չի հստակեցրել, թե Թեհրանը կոնկրետ երբ է շփվել Կիեւի հետ։
Ռուսաստանը եւ Իրանը քանիցս մերժել են իրանական սպառազինությունների մատակարարման մասին վարկածները Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից օգտագործման համար։




























